Տարածաշրջանային քաղաքականություն — Regional Policy

1. Ծրագրի մասին

Համառոտ պատմություն

«Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել և ներդրվել է 2012 թ.՝  Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում:

#ՏաՔա–յի յոթնամյա գործունեության արդյունքը լավագույնս արտացոլում է այս վիճակագրությունը

Слайд4

Ծրագրի հակիրճ բնութագիրը

«Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է (4 կիսամյակ), որի ընթացքում ուսանողը կունենա 120 կրեդիտ ուսումնական ծանրաբեռնվածություն՝ բաղկացած պարտադիր և կամընտրական դասընթացներից, մասնագիտական պրակտիկայից և մագիստրոսական թեզի պաշտպանությունից:

Մենք ձեզ առաջարկում ենք Հայաստանի հարակից տարածաշրջաններում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների մասին միջգիտակարգային (միջդիսցիպլինար) ուսումնական ծրագիր տարածաշրջանագիտության բնագավառում: Մասնավորապես, Ծրագիրը տրամադրում է Արևելյան Այսրկովկասում (Հարավային Կովկասում), Միջին (Մերձավոր) Արևելքում և ԱՊՀ տարածքում աշխարհաքաղաքական  գործընթացների, Հայաստանի և հարակից երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, արտատարածաշրջանային դերակատարների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների մասին դասընթացներ:

Ուսումնառությանը զուգահեռ՝ մենք ուսանողներին տալիս ենք հնարավորություն մասնագիտական պրակտիկա անցկացնելու հայաստանյան գիտաուսումնական և հետազոտական առաջատար հաստատություններում, պետական կառույցներում, ինչպես նաև՝ զարգացնել դասավանդման հմտությունները՝ մասնակցելով ցածր կուրսերում գործնական պարապմունքների կազմակերպմանը:

Սկսած ուսումնառության 1-ին կիսամյակից՝ մեր ուսանողները, փորձառու և բարեխիղճ մասնագետների ղեկավարությամբ, իրականացնում են արդիական թեմաներով հետազոտություններ տարածաշրջանագիտության ոլորտում, որոնց հիման վրա նրանք կազմում և հրապարակային պաշտպանության են ներկայացնում իրենց մագիստրոսական թեզերը:

 

ԻՆՉՈ՞Ւ ՈՒՍԱՆԵԼ #ՏաՔա–ՅՈՒՄ

1․ Քանի որ դա են խորհուրդ տալիս մեր շրջանավարտները

Այստեղ կարող եք իմանալ, թե ինչ է տվել Ծրագիրը մեր ուսանողներին և ինչու պետք է ուսանել հենց այս ծրագրում։

2․ Քանի որ դրա օգտին խոսում է վիճակագրությունը

Գոյության 7 տարիների ընթացքում (2012-2019 թթ․) Ծրագիրը թողարկել է տարածաշրջանագետների 5 սերունդ, ընդհանուր՝ 66 շրջանավարտ։ Մեր սաների 80 %-ը (66-ից 53-ը) գտել են իրենց տեղն աշխատաշուկայում, ըստ որում՝ 60 %–ը (66-ից 39–ը) ներկայումս աշխատում է մասնագիտությամբ։

Ուսումնառության ընթացքում մեր սաներից 7–ն միջազգային շարժունության ծրագրերի միջոցով ուսումը շարունակել է արտասահմանյան բուհերում։ Մեր սաներից 4-ն ուսումը շարունակել են ԵՊՀ ասպիրանտուրայում և համալրելու են մեր դասախոսական թիմը։

3․ Քանի որ մենք առաջարկում ենք չկրկնվող բովանդակությամբ և գործնական ուղղվածությամբ դասընթացներ

Ծրագրի մասնագիտացման բոլոր դասընթացները ձեզ կտան կիրառական գիտելիքներ մեր տարածաշրջանում ընթացքող աշխարհաքաղաքական զարգացումների, դրանցում տարբեր պետությունների շահերի մասին, կզինեն ձեզ այդ գործընթացներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ մեթոդական գիտելիքներով և գործնական հմտություններով։

Ծրագրում ընդգրկված մասնագիտացման դասընթացների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

4․ Քանի որ մենք կիրառում ենք դասավանդման և ուսումնառության նորարարական ու հետազոտահեն մեթոդներ

Ծրագրի նպատակներն իրագործելու և սահմանված վերջնարդյունքներն ապահովելու նպատակով՝ մենք կիրառում ենք նորարարական և հետազոտահեն մեթոդներ։ Մասնավորապես՝ աստիճանաբար ներդրվում է ուսուման կառավարման Moodle համակարգը, բոլոր դասընթացներում ուսանողին հանձնարարվում են թեմատիկ վերլուծական ակնարկներ, լսարանային հանդիպումներն անց են կացվում հանձնարարված թեմատիկ գրականության քննարկումների ձևով, դասընթացից գնահատականն ուսանողը կարող է հավաքել ողջ կիսամյակի ընթացքում՝ ամենօրյա ընթացիկ հանձնարարությունները կատարելու միջոցով, իսկ գնահատումը չափանիշավորված է՝ հիմնված է յուրաքանչյուր դասընթացի համար հստակ սահմանված չափանիշների ու չափորոշիչների վրա։

5․ Քանի որ մեր սաներն ունեն #ՏաՔա–գրադարանից օգտվելու հնարավորություն

#ՏաՔա–գրադարանը մասնագիտական էլեկտրոնային նյութերի (գրքեր, ամսագրեր) առցանց շտեմարան է, որը մշտապես համալրվում է մեր դասավանդողների, սաների և գործընկերների շնորհիվ։ Դա էապես դյուրացնում է որակյալ հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր գտնելու գործը թե՛ մեր դասավանդողների, թե՛ սաների համար։

6․ Քանի որ մեր դասախոսական թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից

Ծրագրում ընդգրկված փորձառու և իրենց մասնագիտացման ոլորտում ճանաչված մասնագետների մասին՝ այստեղ:

7․ Քանի որ մեր ուսանողների համար պարբերաբար կազմակերպում ենք վարպետության դասեր

Բացի Ծրագրով նախատեսված դասընթացներից՝ մեր ուսանողներին առաջարկում ենք վարպետության դասեր, որոնք փակ՝ ակումբային ձևաչափով անց են կացնում ճանաչված մասնագետներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ իրենց աշխատանքային ոլորտում արդեն կայացած մեր շրջանավարտները։ Մասնավորապես՝ այդպիսի դասեր հատուկ մեր ուսանողների համար անց են կացրել ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վահան Հունանյանը, ՀՀ ԱԳՆ աշխատակից Անահիտ Չալիկյանը, ՀՌԿԿ–Հայաստան ծրագրերի համակարգող Մարիամ Առաքելյանը, թուրքագետ Անդրանիկ Իսրայելյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

8․ Քանի որ մեր ուսանողներն ունեն արտասահմանյան բուհեր գործուղվելու մեծ հնարավորություն

Բացի ԵՊՀ միջազգային համագործակցության ծրագրերից (Էրազմուս+, Էրազմուս Մունդուս, ԱՊՀ Ցանցային համալսարան)՝ #ՏաՔա–Ցանցի միջոցով մենք մեր ուսանողներին մշտապես տեղեկացնում ենք արտասահմանյան գիտաուսումնական ծրագրերի մասին, երաշխավորում նրանցից լավագույնների թեկնածությունը։ Մասնագիտական ու անձնական կապերի միջոցով՝ մեր դասավանդողները նաև մշտապես համալրում են ԵՊՀ միջազգային գործընկերների ցանկը՝ այդկերպ ընդլայնելով մեր ուսանողների՝ արտասահմանում ուսումը շարունակելու հնարավորությունները։

9․ Քանի որ մենք աջակցում ենք մեր ուսանողների մասնագիտական և աշխատանքային առաջխաղացմանը

Մեր դասավանդողների երաշխավորությամբ ու աջակցությամբ և ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ՝ մեր շրջանավարտների 60 %–ն արդեն ունի մասնագիտական աշխատանք պետական կառավարման համակարգում, միջազգային կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում և ԶԼՄ–ներում։

Մեր սաներին այս հարցում աջակցելը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն, քանի որ դա և՛ բարձրացնում է Ծրագրի հեղինակությունն ու վստահելիությունը մասնագիտական աշխատաշուկայում, և՛ հարստացնում է #ՏաՔա–Ցանցը նոր գործընկերներով ու մասնագիտական աշխատանքի նոր հնարավորություններով։

10․ Քանի որ դուք կդառնաք #ՏաՔա–Ընտանիքի անդամ

#ՏաՔա–Ընտանիքը ծրագիր է, որի նպատակն է Ծրագրի դասավանդողների, սաների և գործընկերների միջև սերտ փոխգործակցության ստեղծումը։ Այն բաղկացած է #ՏաՔա–Ցանցից, #ՏաՔա–Գրադարանից և ձևավորման փուլում գտնվող Ծրագրի շրջանավարտների միավորումից։

#ՏաՔա–Ընտանիքի գործունեությունը ներառում է մեր սաների տարբեր սերունդների միջև փորձի փոխանակությունը, փոխաջակցությունն աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման հարցերում, պարբերական գիտաժողովների և ակումբային քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև ուսանողների ժամանցի կազմակերպումը (օրինակ՝ ամենամյա #ՏաՔա–Երեկույթներ և #ՏաՔԱրշավներ)

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴՈՒՆՎԵԼ #ՏաՔա

«Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի։

«Քաղաքագիտություն» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները պետք է հանձնեն բանավոր քննություն (քննական հարցաշարի համար դիմել Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն):

Ծրագրում գործում են նաև պետպատվերի և վարձերի զեղջման համակարգեր (տե՛ս «Կանոնակարգեր» բաժնում):

Լրացուցիչ տեղեկություններ

Լրացուցիչ և մանրամասը տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագիրն սպասարկող Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն:

Ամբիոնի վարիչ՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գ. Մ. Քեռյան

Ծրագրի ղեկավար՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ն. Ս. Գալստյան

Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1

Հեռախոս՝ 060-71-00-79 (ամբիոն), 093-545-215 (ծրագրի ղեկավար)

Էլ. փոստ nsgalstyan@ysu.am

Համացանց https://regionalpolicy.wordpress.com/

Facebook facebook.com/regional.politics

Youtube youtube.com/academicmasters